ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ԱՓՍՈՍ, ԱՆՆԱԽԱԴԵՊ ԹԱՏԵՐԱՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՄԱՍՆ ՄՆԱՑԻՆ ԵՐԿՐԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԸ ՊՂՆՁԻ ՔԱՂԱՔԻ ՀՈԳԵԶԱՐԹՈՆՔԻ ՆԵՐՈՒԺԸ

ԱՓՍՈՍ, ԱՆՆԱԽԱԴԵՊ ԹԱՏԵՐԱՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՄԱՍՆ ՄՆԱՑԻՆ ԵՐԿՐԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԸ ՊՂՆՁԻ ՔԱՂԱՔԻ ՀՈԳԵԶԱՐԹՈՆՔԻ ՆԵՐՈՒԺԸ
12.11.2010 | 00:00

Դեբեդի ձորում և Սանահինի բարձրավանդակում սփռված այս գողտրիկ քաղաքի հետ առաջին հանդիպումս ի սկզբանե ողողված էր Լոռվա անզուգական բնաշխարհի բազմերանգ աշնան արեգակնաժպիտ թովչանքով։ Իմ ու Ալավերդու ծանոթության բարեպատեհ առիթը` 33 տարի խնամքով ապրեցվող «Թատերական Լոռի» փառատոնի 20-րդ ծնունդը, նախապատվելի էր դարձել Երևանում գրեթե միաժամանակ մեկնարկածներից կենսունակության առեղծվածի ու պարփակած թատերաներուժի բացահայտման ներքին մղումով։ Եվ, որքան էլ տարօրինակ թվա, իմ ու փառատոնի հասարակական գործունեության մեջ 33 և 20 տարեթվերի, գուցե պատահական զուգադիպության հարազատացնող խորհրդանշական իմաստավորմամբ։ Սրտի թրթիռով ուղևորվելով դեպի 8-օրյա թատերահանդիսանքի գլխավոր կայանատեղ` անբացատրելի պահանջ եմ զգում հոգեմտավոր կենտրոնացման միևնույն հրապարակում 2001-ին վեր խոյացած Սուրբ Գրիգոր Նարեկացի նորակառույց եկեղեցու (գլխ. ճարտարապետ` Արսեն Առուստամյան) կամարների ներքո։ Երբ տեղեկանում եմ, որ ալավերդցիների նորօրյա հավատո հանգանակ Նարեկավանքը, ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի, ընդամենը մեկ տարում է կառուցվել բազմահազար համաքաղաքացիների մեկտեղված տարաչափ միջոցներով ու ջանքերով, օրհնված եմ համարում մուտքս։ Շուտով նմանօրինակ համախմբում եմ տեսնում «Թատերական Լոռու» տիրույթում. գործարար աշխարհ («Vallex» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի գլխավորությամբ) + քաղաքապետարան (քաղաքագլուխ Արթուր Նալբանդյանի առաջնորդությամբ) + Գուգարաց թեմի հոգևոր համայնք (տեր Միքայելի հովվապետությամբ) + աննախադեպ թատերապաշտ հասարակություն։ Քաղաքային թատրոնի (գեղ. ղեկավար` Հրաչյա Պապինյան) ու մշակույթի կենտրոնի (տնօրեն` Կարինե Աղաբեկյան) փոքրաթիվ աշխատակազմի անտրտունջ ջանադրությամբ և տեղական «Անկյուն+3» հեռուստաընկերության (տնօրեն` Սոս Սիրադեղյան) գերակտիվ լուսաբանմամբ` ամենքն էին ներառված իրենց հարազատ հարկի տակ կայացող թատերափառատոնի հոբելյանական մեծաշուք ընթացքում։ Դժվարին ճանապարհի հոգնությունս իսպառ մոռանում եմ, երբ, Վալերի Պարանյանի ու Ռուբեն Հակոբյանի վառած թատերաջահը 1989-ից անմար պահող Պապինյանի մտահղացած հարակից ծրագրով, մինչ «Թատերական Լոռու» պաշտոնամուտը հարգանքի տուրք եմ մատուցում երջանկահիշատակ բեմանկարիչ Թագվոր Բերբերյանին։ Ժամանակին տարբեր թատրոններում նրա ծավալած բեղուն գործունեության մասին տեղեկանալով 20-րդ փառատոնի գեղարվեստական ղեկավարությունը սիրահոժար ստանձնած ՀՀ ժողովրդական արտիստ, Ալավերդու քաղաքային թատրոնի վաղեմի բարեկամ Վահե Շահվերդյանից (անջնջելի էր տպավորությունը Բալզակի «Խորթ մայրը» աբելյանական ներկայացման թագվորյանական բեմատիպարի, որին հաղորդակցվել էր 11 տարեկանում, փոքրիկ տղայի առաջին դերակատարությամբ)` տրտմում եմ ՀԹԳՄ պատվիրակության կողմից վաստակաշատ թատերանկարչի հիշատակի խնկարկումը չկարևորելու փաստից։ Երախտիքի հարգարժան մթնոլորտում ինձ համար թանձրանում է Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանի կողմից Լոռվա 33-ամյա թատերատոնի բոլոր ակտիվ մասնակիցներին «Փառատոնի բարեկամ» նորահնար հուշամեդալի շնորհմամբ և թատրոնի տարեգրության մեջ մնայուն հետք թողած ականավոր մի շարք գործիչների (Արմեն Արմենյան, Արուս Խուդանյան, Վերջալույս Միրիջանյան, Սերիկ Շեկոյան, Վոլոդյա Գրիգորյան, Թագվոր Բերբերյան, Հովհաննես, Արաքսյա և Վլադիմիր Մսրյաններ) անուններն անմահացնող խրախուսական մրցանակների նախատեսմամբ։
Հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական անկանխատեսելի հեղաբեկումներին դիմագրաված ամենաերկարակյաց հայկական փառատոնի կենսակունքը դյուրությամբ եմ բացահայտում` Հայաստանի 10 քաղաքներից, Ստեփանակերտից, Թբիլիսիից ու Զեստաֆոնից ժամանող 16 ինքնագործ ու պրոֆեսիոնալ թատերախմբերի 17 տարաբնույթ բեմադրությունների (առավելապես` վաղածանոթ) ներկայացումներն ուշի ուշով դիտելուն համընթաց մտերմիկ հարաբերություններ հաստատելով պարզ ու անմիջական, սրտաբաց ու մշակութասեր տեղաբնակներից շատերի հետ։ Առաջին իսկ գիշերն անակնկալ բարեկամություն է բնավորվում ինձ հյուրընկալած շնորհառատ Իրինա Իսրայելյանի ու իմ հոգիներում։ Երկուստեք ներանձնական գաղտնարանի դռներն աննկատ բացելով` ինքնամոռաց զրույցի ենք բռնվում։ Ինձ է փոխանցվում նրա 17-ամյա Տիգրանի եղերական կորստի մրմուռը, որ հետո խորանում է սիրած աղջկա` Հայարփիի աներևույթ հայտնությամբ ու մեղմվում թոթովախոս Տիգրան թոռնիկի` Գոհարի կրտսերի աշխույժ զվարթությամբ։ Ֆրանսիական Տուր քաղաքի վեհաշուք եկեղեցու ֆոնի վրա արված խմբակային լուսանկարում գտնելով Իրինայի ու ամուսնու` էներգաճարտարագետ Ստեփան Օմպոսյանի, երաժշտական բազմաշերտ ունակությունների դրսևորումներից մեկի լուռ վկայությունը` բացահայտում եմ 1946-ին հիմնադրված ու 80-ականներին ֆիզիկոս-գնդապետ ու հայտնի մշակութային գործիչ Վալերի Պարանյանի անմիջական նախանձախնդրությամբ նոր վերելք ապրած «Հայկենք» քառաձայն երգչախմբի միջազգային փայլուն հաջողությունը մութ ու ցուրտ 90-ականներին։ Բազմամարդ «Հայկենք»-ին երբևէ անդամագրված «Մանես» բարեգործական հիմնադրամի ներկայիս նախագահ Ավետ Թամազյանի` փառատոնախաղացանկի մշտական հանդիսատեսներից մեկի, պատրաստակամությամբ հանդիսասրահի հարևանությամբ գտնվող Աշխատանքային փառքի թանգարանում մանրակրկիտ իրազեկվում եմ թե՛ պղնձի քաղաքի հինավուրց պատմությանը, թե՛ նրա տարեգրությունը կազմած բնակիչների լիաբուռն առօրյայի ընդհանուր բովանդակությանը` ժամանակների հարափոփոխությամբ «խմբագրված»։ Քսենոֆոնի ու Հերոդոտոսի, Ստրաբոնի ու Խորենացու, հանրաճանաչ հնագետ Ժակ դը Մորգանի և այլ հեղինակավոր աղբյուրների բազում վկայություններով` 4 հազար տարվա պատմություն ունի Ալավերդու (մ.թ.ա. II դարից Մանից, Մանես և Մանասգոմեր անուններով հայտնի) պղնձագործությունը, որը սերնդեսերունդ ժառանգել են ներկայիս բնակիչները։
Իրենց բնօրրանի համակողմանի ծաղկունքի վաղնջական հիմքերի ամրապնդմամբ միայն տեսնելով արժանապատիվ կեցության վերահաստատման ռեալ հնարավորությունը` այստեղ ամեն կերպ ջանում են սատարել երիցս հիմնովին փլուզված պղնձաձուլական կոմբինատի բարեհաջող վերականգնողական երկարաժամկետ ծրագիրն իրագործող «Vallex» խմբի ընկերությունների 10-ամյա բազմաբարդ գիտաարտադրական գործունեությանը։ 30-ամյա «տարագրությունից» հետո, մոսկովյան բարձրակարգ կրթությամբ ու լոռեցու հաստատակամությամբ, ծննդավայրի անփառունակ կեցության դեմ լայնամասշտաբ «ճակատամարտը» վարող Վալերի Մեջլումյանի հմուտ «մարտավարության» ցայտուն հավաստիքը կարճ ժամանակում, Դրմբոնի հանքերի շահագործմամբ, «Vallex» (Վալերի+Ալեքսեյ) խմբի ընկերություններից մեկի` «Բեյզ մեթըլս»-ի (տնօրեն` Արթուր Մկրտումյան) ԼՂՀ թիվ 1 հարկատուն դառնալու ծանրակշիռ փաստն է` շուրջ 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք տարեկան ապրանքաշրջանառությամբ։ Անհամեմատ դժվարությունը առանցքային` Ալավերդու կոմբինատի հուսալի վերագործարկման (տնտեսական զարգացման ու բնապահպանական ՀԿ-ների անարդյունավետ համագործակցության բերումով), դեռևս չի զինաթափում։ Մի շարք գործարար աջակիցների համախոհությամբ պատկառելի պարբերական ներդրումներ են կատարվում քաղաքի հոգևոր-կրթամշակութային ոլորտներում։ Երբեմնի կայուն տնտեսական ու բուռն մշակութային առօրյայի մարմրող արձագանքները վերստին զրնգացնելով, հայրենի շեներն իսպառ ամայանալուց ազատագրելու ջանադրությամբ, մեկտեղեցին տարաչափ լծակներն ու անպարտելի եռանդը մի խումբ գործարար մտավորականներ։
92-ին լռեցին «Բարեկամության մեղեդիները», 93-ից երկամյա պարբերականությամբ տոկաց «Թատերական Լոռին», որին տարբեր տարիներին մասնակցել են Վրաստանի, Կրասնոդարի ու Բուլղարիայի` 7 և հայաստանյան 36 թատերախմբեր։ Բարակում, բայց չի պղտորվում ու ցամաքում վճիտ թատերավտակը, որը 1977-ից բխելով Ակներ գյուղից (այժմ` Ալավերդու թաղամաս), մինչ օրս էլ սնուցում է տեղացիների թատերապաշտությունը` խթանելով «Թատերական Լոռին» ապրեցնելու հնարների անդուլ որոնումների արգասաբերությունը։ Հատկանշական է, որ անցյալ դարասկզբին պղնձաձուլականում աշխատելու եկած այլազգիներից թատերարվեստի հանդեպ հետաքրքրությունը փոխառած ակներցիները շուտով իրենց ինքնագործ խումբն են ստեղծում։ Մտացածին ու անհավանական պատմությունների տարերահորդ խաղարկումներից դեպի ժողովրդական թատրոնի հաստատումը գնալով` ոչ մի կերպ չեն համակերպվում այսօր խարխլված ակումբի հակաստեղծագործական մամլիչի զորեղ ճնշմանը և բացօթյա թատերախաղեր են համառորեն իրականացնում։
2006-ին կայանալով Բաց հասարակության ինստիտուտի դրամաշնորհով` թատերափառատոնը, մշտական մասնակից ինքնագործներից զատ, նաև պրոֆեսիոնալ թատերախմբեր է ներգրավում։ 2008-ից զգալիորեն հարթվում են իրականացման խութերը` «Vallex»-ի գլխավոր հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարության ու համաքաղաքացիների վստահությունը շրջահայաց գործունեությամբ շահած քաղաքապետ Արթուր Նալբանդյանի ողջ աշխատակազմի միաձույլ աջակցությամբ։ Վերջինիս բարեկիրթ հոգատարությունն ու հյուրընկալ ջերմությունը հավասարապես վայելում են փառատոնի, առանց բացառության, հին ու նոր բոլոր մասնակիցները։ Առաջին իսկ օրից մինչ տոնավարտի մեր առանձնազրույցը, ստվարացող հարակից շփումներով նրա համաքաղաքացիների ու անմիջական աշխատակիցների հետ, հավաստիանալով վաստակած համընդհանուր համակրանքին արժանավորության մեջ, թատերափառատոնի պրիզմայով կոնկրետացնում եմ ինձ հարազատացած քաղաքի մերօրյա իրական նկարագիրը։
«Մեր քաղաքի տնտեսական մայր զարկերակը շուրջ 240 տարվա պատմություն ունեցող պղնձագործարանն է,- ասում է պարոն Նալբանդյանը։- Ժամանակների հեղափոխումներին մշտապես ենթակա` այն այժմ էլ գայթակղում է օտարներին։ Փառք Աստծո, մեր հայրենակիցն է ձեռնարկել նրա վերականգնումը` փորձագիտական հիմնավորված եզրակացությունը գիտակցաբար շրջանցելով։ Խոշոր ներդրումներ են անհրաժեշտ ցանկալի հզորությունն ապահովելու համար, հարկային որոշակի արտոնություններ։ Տուն չկա Ալավերդում ու հատկապես շրջակա գյուղերում, որ արտագնա աշխատանքի մեկնած մարդ չունենա։ Երիտասարդները, մեկնելով ուսանելու, հնարքներ են գտնում դրսում հաստատվելու։ Գերճիգերով կարողացել ենք փոք-ինչ բարելավել ներկայիս 17 հազար բնակչության տարրական կենցաղային պայմանները։ Պղնձաձուլականի գործարկմամբ ընդամենը 650 աշխատատեղ է բացվել։ Օրախնդիր են կանանց զբաղվածության ապահովումը, բնակֆոնդի պահպանությունը, բնապահպանական անվտանգությունը, զբոսաշրջության զարգացումը։ Իմ գերխնդիրը ես տեսնում եմ բոլոր կարող ուժերի համախմբմամբ մեր քաղաքի բնականոն զարգացման լծակներ ստեղծելու մեջ։ Այդ առումով էլ առանձնակի կարևորում եմ համակողմանի վերընթացում հոգևոր-կրթամշակութային ոլորտը պատշաճ մակարդակի հասցնելը։ Ինչպես ասում են` ոչ միայն հացիվ։ Արդեն ավանդական են դարձել մի շարք համաքաղաքային տոնախմբություններ` ուսանողության օրը, Ալավերդու ծննդյան տարեդարձը։ Վերականգնվել է մշակույթի տան աշխատանքային ռիթմը` տարեկան մի քանի տասնյակ միջոցառումներով` թատերական ներկայացումներ, համերգներ, կինոփառատոներ, նորընծա գրքերի գինեձոն-շնորհանդեսներ, գեղեցկության մրցույթներ։ 10 հանրակրթական դպրոցներին զուգահեռ գործում են երաժշտական, արվեստի, գեղարվեստի, շախմատի, մարտարվեստի դպրոցները։ Գեղանկարիչ-քանդակագործ Ռաֆայել Ջավախյանի նախաձեռնությամբ գործում է Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղը (գերազանցապես հայ անվանի մի շարք նկարիչների 27 աշխատանքների բնօրինակների ու Ջավախյանի մի քանի քանդակների համեստ մշտական ցուցադրությունն ամփոփող անհրապույր սրահը երբեմն-երբեմն աշխուժացվում է ընթացիկ ցուցահանդեսներով- Ն. Ա.)։ Ամենախոշոր իրադարձությունը, անշուշտ, «Թատերական Լոռին» է, որի հանրապետական ընդգրկման համաժողովրդական խանդավառությամբ, կարծեմ, ինքներդ էլ ոգեշնչվեցիք»։
Շուրջ երկտասնամյա «լեթարգիական քնից» Ալավերդու արթնացման ներկայիս պատկերի խորհրդանիշը գտա կենտրոնական մայրուղու երկարությամբ տարածված կապի բաժանմունքի դեռևս կանգուն շենքի արտաքին տեսքում։ Մի փոքրիկ հարկաբաժին էր միայն բարեկարգ երևում, իսկ «դրկից» հանրախանութի, հյուրանոցի, բար-ռեստորանի ընդարձակ տարածքը լքված տուն էր հիշեցնում։ Այդուհանդերձ, հուսադրող էին տեղ-տեղ ցայտող վերընձյուղման նշանները։ Սեփական վտիտ ներուժով հազիվ թե կարողանան շուտով վերակերտել իրենց քաղաքը տեղաբնակները։ Սահմանամերձ այս գոտու ամրակայմանը պետական հատուկ միջամտությամբ միայն կարելի կլինի հասնել։ Դատելով «Թատերական Լոռու» առաջացրած հոգեզարթոնքի զորեղ ներգործությունից` պարբերական մշակութային հզոր ներարկումներով միանգամայն հնարավոր է բարոյահոգեբանական համատարած գոտեպնդումը։ Այստեղ կարոտ են հայաստանյան հոգևոր-մշակութային, սոցիալ-տնտեսական տիրույթում լիարժեք ինտեգրվելուն։
ԹԱՏԵՐԱՀՈԲԵԼՅԱՆԻ ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հեշտ է պահանջատերը լինել հարազատ երկրի։ Ալավերդցիները, ըստ իս, որդեգրել են նրա ծառան լինելու դժվարին առաքելությունը. եթե ոչ իրենք, հապա էլ` ո՞վ։ Եվ իրենց հարկի տակ իրականացվող բոլոր կարևոր միջոցառումների հնարավորինս պատշաճ կայացմանն անպայման իրենց լուման են ներդնում` բարձրաստիճան չինովնիկից մինչև տարաչափ կարողության տեր գործարարը, շարքային քաղաքացին։ Ոչ թե տպավորություն թողնելու վրա են ջանքեր բանեցնում (մերօրյա տարածված աշխատաոճ), այլ սեփական հարկի տակ կազմակերպվող այս կամ այն միջոցառման վարկանիշն ու արժեքը բարձրացնելու։ Իշխանությունների (տեղական ու մարզային) մշտարթուն ու աչալուրջ այսպիսի վերաբերմունք իրենց աջակցությամբ իրականացվող մեծածավալ միջոցառման նկատմամբ, անկեղծ ասած, չէի ակնկալում։ Մայրաքաղաքային տարաբնույթ փառատոների խելահեղ շրջապտույտում մշտապես առնված` բազմիցս եմ համոզվել կազմակերպիչների կողմից սոսկ արտաքին փայլի առանձնահատուկ կարևորման տխուր մտայնության արմատավորման մեջ։ Աջակիցներն էլ հիմնականում գոհանում են ֆինանսական հաշվետվություններով` պահանջ չներկայացնելով բովանդակային վերլուծական գնահատության։ Այս առումով, ըստ իս, անխոցելի էր «Թատերական Լոռին», որի տնօրեն, հանրահայտ հեռուստալրագրող Հրաչյա Պապինյանը, կոորդինացնելով շուրջը համախմբված թատերապաշտ նվիրյալների նպատակամետ գործունեությունը, անձնական օրինակով, ճշմարիտ մտավորականի խղճի մտոք արժանապատվորեն գլխավորում էր թե՛ փառատոնի բուն ընթացքի կանոնավորումը, թե՛ հարազատ բնօրրանի բազմակողմանի հանրաճանաչումը` հյուրեկների ու մասնակից թատերախմբերից յուրաքանչյուրինը` համաքաղաքացիների համար։ Ոչ թե 1-2 րոպեանոց գովազդային հոլովակներով, այլ մինչև իսկ հանպատրաստից մտահղացված բազմազան ու բովանդակաշատ, բազմակարծիք հաղորդումներով։ Այսպիսի խորքային լուսաբանում հազիվ թե գտնեք ներկայիս փառատոնային մշակույթի հարաճուն խճանկարում (մասնակի բացառությամբ` «Ոսկե ծիրան»-ի ու «Հայֆեստ»-ի)։ Եվ հարգանք` թատրոնի բոլոր մշակների ու այս կամ այն չափով սեփական մտահղացման լիարժեք կայացմանը նպաստած տարբեր ատյանների ու հասարակ մարդկանց նկատմամբ։ Ներկայացուցչական գնահատանքի արժանացան թե՛ ալավերդցիների թատերամայր Անահիտ Բեգջանյանի 44-ամյա անխոնջ նվիրումը թատերարվեստին, թե՛ ամենից շատ բեմադրվող ժամանակակից դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի բեղուն ծառայությունը հայ մշակույթին։
Վահե Շահվերդյանի` աբելյանցիների դերասանախմբով թատերայնացված ստեղծագործական երեկոն, տաղանդաշատ բեմադրիչի թեթև ձեռքով հավաքված ու արտիստիկ վարույթով հնարամտորեն մրցանակաբաշխության արարողակարգին միահյուսված, վառվռուն մի «Օսկար»ահանդիսանքի փայլ հաղորդեց «Թատերական Լոռու» 8-օրյա տոնախմբության ավարտական երեկոյին։ Մեկնարկելով լերմոնտովյան «Դիմակահանդես»-ով` մերօրյա ասելիքի շեշտադրումներով հագեցավ «Ռուզան»-ից, «Պապ թագավոր»-ից ու «Լիր արքա»-ից խաղարկված փոքրիկ, բայց առանցքային դրվագներով։ Որոշակի հագեցում գտավ այդպիսով կենդանի հաղորդակցության պահանջը Շահվերդյանի բեմադրական արվեստին, ի լրումն արտամրցութային 2 բեմադրությունների` Արտաշես Քալանթարյանի «Վաճառքի ենթակա չէ» և Նելլի Շահնազարյանի «Թափոր» պիեսների ամբողջական ներկայացումների անանցողիկ ներգործության։ Հեռավոր շեների հայաթափման ցավագին թեմայի ու արտառոց իրավիճակում հայտնված Թերեզ-Գրետա Մեջլումյանի անուրախ կյանքի սրտառուչ խաղարկմամբ` սաստկացել էր բազմամարդ հանդիսասրահի հոգում մխացող անամոք ցավը, արտասվախառն հուզմունքով հեղեղել` փառատոնամուտի Աղուն-Ջուլիետա Ստեփանյանի (Հ. Մաթևոսյան, «Աշնան արև») հեգնախառն ընդվզումով բացված հայ գեղջկուհու` տասնամյակներով, փաստորեն, անփոփոխ մնացած անձնական դրամայի, կենսական ապերջանիկ գոյության մասին թատերազրույցը, որ լրացվել էր Սաթենիկ-Ռոզա Մխիթարյանով, Եվա-Ալլա Հովհաննիսյանով, Արուս-Էլինե Աղամյանով («Վաճառքի ենթակա չէ»), զարգացնելով մինչ ավարտական` «Սարերում կյանք կա»-ի (Լիանա Անթառանյան) Անուշ-Ժենյա Մկրտումյանով և Աշխեն-Վեներա Թարզյանով յուրովի ամփոփումը։
Ափիբերան լցված հանդիսասրահներում հընթացս միախառնվեցին լացն ու ծիծաղը` ալավերդցիների «Դռնփակ»-ից (Ժան Պոլ Սարտր) փոխանցվելով գավառցիների «Աչքը` ծոծրակին» (Աղասի Այվազյան) դրամատիկ ներկայացումներին։ Լիցքաթափվելով ծանր զգացողություններից կատակերգական իրադրությունների լաբիրինթոսում` ադամյանցիների «Փախիր կնոջիցդ» (Ռեյ Կունի) ու ստեփանակերտցիների «Սերը պահարան չի հարցնում» (Սամվել Խալաթյան) զավեշտախաղերով։ Արտաշատցիների «Չար ոգին» (Շիրվանզադե) և կապանցիների «Միրհավը» (Բակունց) հարգանքի տարարվեստ թատերատուրք էին հայ դասականներին։
«Թատերական Լոռու» հոբելյանական խաղացանկի նորահայտնությունը դարձավ Վրաստանի Զեստաֆոն քաղաքի այցեքարտ - ՈՒշանգի Չխեիձեի անվան պետական դրամատիկական թատրոնի «Նուգզարը և Մեֆիստոֆելը» (Լաշա Բուղաձե) տրագիֆարսը` Մամուկա Ցերցվաձեի անխոցելի բեմադրությամբ և Նուգզար-Գեորգի Գլովելիի ու Մեֆիստոֆել-Բադուր Տաբաթաձեի գունագեղ զուգախաղով։ Վրացական թատերադպրոցի ուրույն գրավչության անակնկալ նորահաստատումից ամենքս ցնծացինք։ 15-րդ անգամ անընդմեջ Ալավերդու փառատոնի մրցութային հանձնախումբը գլխավորող ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերանահապետ Հայկազ Երանոսյանն անգամ «դրժեց» ավանդական երդումը և, անմիջապես ներկայացման ավարտից հետո, չթաքցնելով հիացմունքը` խոստացավ կազմակերպել զեստաֆոնցիների հյուրախաղերը Երևանում։ (Իմանար ՀԹԳՄ նախագահի վստահված անձը, որ նա այլևս չի հայտնվելու Ալավերդում փառատոնամուտից հետո` անստորագիր չէին մնա Հակոբ Ղազանչյանի անուն-ազգանունով վաղօրոք տպագրված փառատոնային մի քանի տասնյակ դիպլոմները)։
Մայրաքաղաքայիններից որևէ մեկին իր բովանդակությամբ չզիջող «Թատերական Լոռու» խաղացանկում հաշվի էին առնված նաև մանկապատանեկան հետաքրքրությունները։ Աղմկոտ աշխույժով տեղի փոքրահասակ հանդիսատեսն ընդունեց Սպիտակի ու Վանաձորի, Էջմիածնի տիկնիկային թատրոնների «Վախկոտ պարծենկոտը», «Մեղրաբլիթե տնակն» ու «Կարմիր գլխարկ»-ները։ Առանձնակի խանդավառվեց գորիսեցիների երիտասարդացած թատերախմբով Վիգեն Ստեփանյանի հանրածանոթ երաժշտականացված բեմադրամտահղացման նորովի հետաքրքրաշարժ «Տերն ու ծառան»-ով (ըստ Հովհ. Թումանյանի)։
Հանդիսատեսային անսեթևեթ ջերմությամբ ու տեղական իշխանությունների ակտիվ բարյացակամությամբ` 8-օրյա տոնախմբության պարգևած հոգևոր-բարոյական լիցքերն ու մտերմացնող ներուժը գերազանցեցին նվիրյալ կազմակերպիչների ակնկալությունը։ 16 անվանակարգային և 3 տասնյակից ավելի խրախուսական ու հատուկ մրցանակներով, հուշամեդալներով, պատվոգրերով, դիպլոմներով ու շնորհակալագրերով գնահատվեցին բոլոր մասնակիցներն ու աջակիցները։ Եվ «Թատերական Լոռին» վերահաստատեց կանչող փարոսի իր անուրանալի 33-ամյա համարումը։ Ափսոս, որ Հայաստանի հյուսիսային սահմանում տեղի ունեցած այս աննախադեպ թատերահրավառությունից անմասն մնացին երկրի բարձրաստիճան պետական այրերը։ Նրանց միայն ներկայությունը իրադարձային թատերատոնի պաշտոնապես վերարժևորման նոր մոտեցումներ, անկասկած, կառաջադրեր։ Հուսանք, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի ոգևորությունը` «Թատերական Լոռու» ավարտական հանդիսությամբ բորբոքված, կարևոր ազդակ կդառնա «Մայրաքաղաքի ու մարզերի համաչափ զարգացման» ծրագրի շրջանակներում հավելյալ լծակները կարևորելու հեռավոր Ալավերդու մշակութային համակողմանի զարգացմանն ու հայաստանյան ընդհանուր դաշտում լիարժեք ինտեգրմանն ի նպաստ։ Այդպիսով նաև առավել անվտանգ ու ամրակուռ կդառնա մեր երկրի հյուսիսային սահմանը, կվերաբնակեցվեն կիսադատարկ շեները։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3190

Մեկնաբանություններ